Հանդիպում ՆԱՄ-ում | Meeting at NAI
Հուլիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Արևի շող» խորագիրը կրող հանդիպում-զրույց հոգեբան, գրող Մարինե Մանուկյանի հետ:
Միջոցառմանն իրենց ներկայությամբ կպատվեն քառօրյա պատերազմի հերոսները, նրանց ծնողները, Մարինե Մանուկյանի մտերիմներն ու հարազատները:
«Նարեկացի» արվեստի միությունը միջոցառումը կզարդարի գեղեցիկ երաժշտական կատարումներով:
Մարինե Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է Գյումրու «ՊՐՈԳՐԵՍ» համալսարանը:
1999 թ.-ին նրա «Սպիտակի երկրաշարժի աղետյալ ծնողազուրկների սոցիալ- հոգեբանական խումբը» թղթակցությունը տպագրվել է իտալական և շվեյցարական թերթերում:
2008 թ.-ին լույս է տեսել նրա առաջին մասնագիտական գիրքը`«Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը»:
Որպես հոգեբան բազմաբովանդակ հոդվածներով հանդես է եկել Գյումրու «Հինգշաբթի» և «Շրջապատ» շաբաթաթերթերում, Երևանի «Առավոտ» օրաթերթում, «Հոգու ճիչ» ամսագրում և Վանաձորի «Վանաձորյան խճանկար» թերթում. ունի hogeban1.do.am կայքը:
2011 թ.-ից հանդիսանում է Հայաստանի՝ սպինալ և այլ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված Գյումրու սպորտային և հոգեբանական մասնաճյուղի ղեկավարը:
2012 թ.-ին պարալիմպիկ 10-րդ փառատոնի ժամանակ «Ձեռքի ուժ» սպորտաձևում զբաղեցրել է III տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
2013 թ.-ին Երևանում կայացած հանրապետական «Գրի՛ր» գրական մրցույթի IV նախագծում հանդես է եկել երկրաշարժից հետո հաշմանդամների խնդիրները ներկայացնող «Կապուտաչյա ճակատագրի քմահաճույքները» թղթակցությամբ և արժանացել I պատվավոր մրցանակին:
2017 թ.-ին լույս է տեսել նրա մասնագիտական երկրորդ գիրքը՝ «Ֆոբիաներ»:
2017 թ.-ից «Զինվոր և մշակույթ» ՌՀԿ-ի սցենարիստն է և զբաղվում է քառօրյա պատերազմի անմահ և ողջ մնացած հերոսների մասին հոդվածներ գրելով:
2017 թ.-ին լույս է տեսել «Ճակատագրի հետքերով» ձեռնարկը, որի համահեղինակն է հանդիսանում նա:
2017 թ.-ից «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» ՀԿ-ի հոգեբան, լրագրողն է:
2018 թ.-ից «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի ստեղծագործական մասի ղեկավարն է:
2018 թ.-ին լույս է տեսել «Բաց փակագծեր» համահեղինակային ժողովածուն, որի համահեղինակն է:
Մուտքն ազատ է: