«Այբ»-ի շրջանավարտների «Կամար» երգչախմբի մենահամերգ
Երկար դադարից հետո «Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը վերադառնում է մեծ բեմ և հանդիսատեսին կներկայանա մենահամերգով, որը կկայանա մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը հիմնադրվել է 2014 թվականին: Հասցրել է մենահամերգներ ունենալ Հայաստանում,
Ֆրանսիայում, Հունաստանում։ «Կամար» երգչախմբի խմբավարն է մեներգչուհի, «Գեղարդ» երգեցիկ խմբի հիմնադիր և խմբավար
Անահիտ Պապայանը։
Սպասվող համերգի ծրագիրը ներառում է հայ հոգևոր և աշխարհիկ երգերի մշակումներ։ Միջնադարյան հեղինակներից կհնչեն Մովսես
Խորենացու, Կոմիտաս Աղցեցու, Ներսես Շնորհալու, Հակոբ Կլայեցու շարականներն ու տաղերը` Կոմիտասի, Մակար Եկմալյանի և Երվանդ
Երկանյանի խմբերգային մշակումներով։ Աշխարհիկ երգերն ընտրված են դարձյալ Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Երվանդ Երկանյանի, ինչպես նաև Կարա-Մուրզայի, Բարսեղ Կանաչյանի, Գրիգոր Սյունու, Թաթուլ Ալթունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Ստեփան Լուսիկյանի ժառանգությունից։