Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում
Երևանում մարտի 13-16-ը տեղի կունենա Եվրիմաժի կառավարման խորհրդի 150-րդ նիստը, որին ներկա են լինելու Եվրիմաժի նախագահ Կատրին Թրոտմանը, գործդիր տնօրեն Ռոբերտո Օլլան և 65-հոգանոց աշխատանքային խումբը (անդամ երկրների ներկայացուցիչներ)։
Միջոցառման շրջանակներում մարտի 13-ին, 19:00-ին «Մոսկվա» կ/թ-ում կկայանա «Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում» խորագրով ֆորում-հանրային քննարկում և ֆիլմի դիտում։ Համաձայն Եվրիմաժի որդեգրած ռազմավարության՝ անդամ պետությունները քայլեր են ձեռնարկում կինոյի ոլորտում մինչև 2020 թվականը գենդերային հավասարություն ապահովելու նպատակով։
Բանախոսներն են՝
Այրիս Զապպե-Հելլեր - Եվրիմաժի գենդերային հարցերով աշխատանքային խմբի նախագահ
Նվարդ Մանասյան - UNICEF Հայաստանի Գենդերային հավասարության հարցերով պատասխանատու
Մարիամ Օհանյան - ԿԻՆ կինոփառատոնի հիմնադիր տնօրեն
Անի Որսկանյան - կինոպրոդյուսեր
Դիանա Կարդումյան - կինոռեժիսոր
Սեդա Գրիգորյան - մոդերատոր։
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես կգան Եվրիմաժի գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլան և Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Քննարկմանը կհաջորդի հարցուպատասխան բանախոսների հետ, որից հետո տեղի կունենա Դիանա Կարդումյանի «Տոմբե» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ Մշակույթի Նախարարության և Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի կողմից:
Քննարկման աշխատանքային լեզուն անգլերենն է, կտրամադրվեն հայերեն համաժամանակյա թարգմանության սարքեր: Ֆիլմը հայերեն է, անգլերեն ենթագրերով:
Միջոցառման մուտքն ազատ է:
Եվրիմաժը (Eurimages) հիմնադրվել է 1989 թվականին՝ Ստրասբուրգում որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: Հայաստանը անդամակցել է կազմակերպությանը 2016 թվականին: Եվրիմաժն աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը երեք ուղղություններով՝ ֆիլմի համատեղ արտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրության համար: Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցիչներն են՝ Սուսաննա Հարությունյանը, Վրեժ Քասունին: