Բիզնես հանդիպում թեյի շուրջ
«Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը» հոկտեմբերի 21-ին` ժամը 18:00-ին բիզնեսով հետաքրքրված երիտասարդներին հրավիրում է մասնակցելու ամենամսյա «բիզնես հանդիպում թեյի շուրջ» ֆորմատով հերթական հանդիպմանը: Հանդիպման հյուրն է լինելու Հայաստանում iCON Communications ընկերության հիմնադիր և փորձառու գործարար Րաֆֆի Քասարջյանը:
Րաֆֆի Քասարջյանը ծնվել է 1967թ. հուլիսի 18-ին Բեյրութում: Սովորել է Սթենֆորդի համալսարանում՝ միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ (MBA), սակայն աշխատանքային գործունեությունը նա ծավալել է տեխնոլոգիայի և բիզնեսի ռազմավարության խաչմերուկում, այսինքն՝ ինչպես բիզնես միջավայրում կիրառել նորագույն տեխնոլոգիաներ: Առաջին անգամ Հայաստան է եկել 1992 թ.-ին: Վերջնականապես Հայաստանում է հաստատվել 2008 թ.-ին: Րաֆֆի Քասարջյանը այն մեծ հայորդիներից է, ովքեր վերադարձել են հայրենիք իրենց գիտելիքներն ու փորձը սեփական պետության զարգացմանն ու հզորացմանը ծառայեցնելու համար: Նա նաև հանդիսանում է «Վերադարձ Հայաստան հիմնադրամի» (Repat Armenia Foundation) համահիմնադիրներից մեկը, որի նպատակն է խթանել կամավոր հայրենադարձությանը: Որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր արտերկրում լավ փորձ ունեն, կարողանան այդ նույն փորձը կիրառել ներքին շուկայում, զարգացնել մեր հասարակությունը, տնտեսությունը և պետք է նշել, որ արդեն իսկ հարյուրավոր մարդիկ կամավոր այդ քայլն արել են: Նրանց թվում կան բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, արվեստագետներ և այլ մասնագետներ:
Մինչև Հայաստան վերադառնալը Րաֆֆի Քասարջյանը աշխատել է արտասահմանյան մի շարք կազմակերպություններում և ընկերություններում: Վերադառնալով Հայաստան նույնպես զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տարբեր ընկերություններում: Որպես փորձառու գործարար Րաֆֆի Քասարջյանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում կկիսվի իր հարուստ փորձով, խորհուրդներով և հաջողության գաղտնիքներով:
Մուտքն ազատ է: