«Աղբ և երազանքներ» ֆիլմի դիտում ու քննարկում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Կենդանաբանական այգում կցուցադրի «Աղբ և երազանքներ» բնապահպանական ֆիլմը:
Ֆիլմը նկարահանվել է 2007-ին, ռեժիսոր` Մեյ Իսքանդերնի կողմից: «Աղբ և երազանքներ» ֆիլմն արժանացել է 26 միջազգային մրցանակների` տարբեր անվանակարգերում:
Ֆիլմը պատմում է երեք անչափահաս տղաների մասին, ովքեր ծնվել են աղբի առևտրի միջավայրում և հասակ են առնում աշխարհի ամենամեծ աղբանոց-գյուղում: Այստեղ բնակվում են շուրջ 60 000 զաբալիներ` Եգիպտոսի աղբագործները: Երբ նրանց համայնքը հանկարծ բախվում է գլոբալացման խնդրին, տղաներից յուրաքանչյուրը ստիպված է ընտրություն կատարել, որը կանդրադառնա նրանց ապագայի վրա:
Հիշեցնենք, որ ֆիլմի ավարտից հետո տեղի կունենա քննարկում, որտեղ հանդիսատեսը կարող է իր հարցերն ուղղել «Կանաչ արահետ» ՀԿ-ի (Green Lane) ներկայացուցիչներին, ովքեր կխոսեն աղբի վերամշակման մասին:
Նշենք, որ սա արդեն երկրորդ ցուցադրությունն է: Առաջինը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին և ցուցադրության էր ներկայացվել «Ագահության մոլուցք» ֆիլմը, որտեղ ներկայացված էր ապօրինի անտառահատումների և կանաչապատ տարածքների ոչնչացման մասին: