Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» ֆոտոգրքի շնորհանդեսը
Վերապրածներ
2005-2015
Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծված «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում: Սկիզբ առնելով 2005-ին «Վերապրածները» իր ամբողջական տեսքով առաջին անգամ ներկայացվեց հանրությանը 2015-ի ապրիլին Սարգիս Մուրադյան պատկերասրահում, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում։ Տարվա երկրորդ կեսին, ցուցահանդեսը կներկայացվի նաև Հայաստանի մարզկենտրոններում՝ Դիլիջանում, Գյումրիում և Վանաձորում։
Նախագիծն ամփոփում է «Վերապրածներ» ֆոտոգիրքը։ Այն կազմված է 40-ից ավելի սև-սպիտակ և գունավոր լուսանկարներից և շուրջ 35 վկայությունների բացառիկ արձանագրություններից որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Գրքի ծավալուն նախաբանը հեղինակել է անվանի ֆրանսիահայ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանյանը որտեղ մեկնաբանվում են վերապրածների փորձառությունը ներկայացնելու, ըմբռնելու խնդիրները։ Գրքի խմբագիր, արվեստաբան Վիգեն Գալստյանը իր տեքստում դիտարկում է Արմենակյանի լուսանկարների նշանակությունը որպես աղետի հետևանքների և ներկայի միջև հարաբերակցություն ստեղծող տարածք։ Իր ձևավորման և հայեցակարգային լուծումների շնորհիվ, «Վերապրածները» լոկ պատկերների ու վկայագրությունների զետեղում չէ այլ պատումի ուրույն ձև և արվեստի ինքնուրույն առարկա։ Այն ընդլայնում է լուսանկարի տեսողական շրջանակները, դառնալով աղետալի անցյալի վերլուծության, բացահայտման և հարաբերակցման միջոց։
Կոշտ կազմով, 152 էջանոց, հայերեն-անգլերեն երկլեզու գիրքը հրատարակվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և տնօրինության ամբողջական աջակցությամբ, պրն. Աշոտ Խաչատուրյանցի հովհանավորության ներքո: Հրատարակիչ` 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն։ Տպագրությունը իրականացվել է Օպտիմալ Մեդիա գերմանական տպարանում` 1000 օրինակով։
Ֆոտոգրքի շնորհանդեսը կկայանա Միրզոյան գրադարանում հուլիսի 24-ին` ժամը 18:00-ին, Նազիկ Արմենակյանի և Վիգեն Գալստյանի մասնակցությամբ։