Արյունատվական ակցիա զինվորների համար
Շտա՛պ: Ընկերներ, մեր վիրավոր հերոսներին արյուն է հարկավոր: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը անմասն չի մնում այդ կանչին:
Հարգելի՛ ընկերներ,
Եթե դուք արդեն որոշել եք դառնալ դոնոր, ապա պետք է՝
* Արյունատվությանը ներկայանաք անձնգրով կամ զինգրքույկով
* Լինեք 18 տարեկանից բարձր
* Հիվանդացած չլինեք դեղնախտով
* Վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինեք Հայաստանից
* Լինեք առնվազն 55կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, և 65կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք
* Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեք
* Արյունատվությանը ներկայանաք քաղցած
* Կանայք կարող են արյուն հանձնել դաշտանի սկսվելուց 2 օր առաջ և ավարտվելուց 5 օր հետո:
Գոյություն ունեն որոշակի հիվանդություններ և վիճակներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բացառում են արյան դոնորությունը: Դրանցից հիմնականներն են՝
• Տեսողության խնդիրներ (կարճատեսություն և հեռատեսություն 4 և ավելի)
• Կյանքի ընթացքում ունեցած ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա
• Օրգանի հեռացումով վիրահատություններ
• Էնդոկրին խանգարումներ (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ):
Արյուն հանձնելու որոշում ընդունելուց հետո Դուք կենթարկվեք բժշկական զննման և հակացուցումներ չունենալու դեպքում միայն կարող եք կատարել արյունատվություն:
Բուն արյունատվությունը տևում է մոտ 10 րոպե: Արյունը վերցվում է միանվագ օգտագործման մանրէազերծ պարագաներով:
Դոնորից միանվագ հավաքագրվում է 450մլ արյուն, որը անվնաս է դոնորի առողջության համար:
Նախքան հիվանդին փոխներարկելը Ձեր արյունը հետազոտվում է հեպատիտ B և C, Ձիահ/Միավ, սիֆիլիսի և բրուցելյոզի հանդեպ, որոշվում է խմբային և ռեզուս պատկանելիությունը:
Դուք կտեղեկացվեք Ձեր արյան հետազոտությունների արդյունքների մասին:
Ձեր տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
Ձեր հանձնած արյունն անհատույց կտրամադրվի բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին:
Դարձե՛ք արյան դոնոր, փրկեք մարդկային կյանքեր:
Մեր զինվորները ունեն բոլորիս աջակցության կարիքը:
Այսպիսով՝ բոլոր նրանք, ում մոտ ցանկություն առաջացավ լինելու մեկը այդ հերոսներից, խնդրում ենք ապրիլի 4-ին՝ ժամը 9:00-ին, լինել Ազատության պողոտա HSBC բանկի դիմաց (Ռայկոմ): Խնդրում ենք լինել ճշտապահ և ներկայանալ ժամանակին: