Մանկական ամառային ՖՈՏՈնախագիծ
ՏաՏա Ամառային դպրոցին զուգահեռ մեր հաջորդ նախագիծը լուսանկարչական է. ունենալով երեխաների հետ լուսանկարելու հաջող փորձ՝ մենք շարունակում ենք նոր դիտանկյուններ փնտրել :)
Հունիսի 6-ից մեկ ամիս շարունակ մի խումբ երեխաների հետ զինվելու ենք ֆոտոխցիկներով ու հետաքրքիր տեսողական լուծումներ գտնել կոնկրետ թեմայով՝ սնունդ: Սննդի լուսանկարչությունը, որ բավական տարածված երեւույթ է աշխարհում, շատ հետաքրքիր է հատկապես երեխաներին, ովքեր ոչ միայն սկսում են իրենց ամենօրյա սննդակարգը այլ աչքով հետազոտել, այլ նաեւ սովորում են իրերը նորովի տեսնել:
Դասընթացը կազմված է 10 հանդիպումներից որոնց ընթացքում երեխաները
- կզարգացնեն տեսողական ընկալումը,
- կսովորեն լուսանկարչության տարրական հմտություններ,
- կշփվեն, կքննարկեն ու կպատկերեն,
- կփորձեն անգամ անձամբ մշակել իրենց լավագույն լուսանկարները տպագրության համար:
Դասընթացի ավարտին մասնակիցների արած լավագույն լուսանկարները կտպագրվեն եւ կցուցադրվեն այդ առթիվ նախատեսված ցուցահանդեսում:
Մասնակցել կարող են 6-14 տարեկան երեխաները, ովքեր ցանկություն ունեն օգտագործել ֆոտոխցիկը՝ որպես աշխարհն ընկալելու եւ սեփական մտքերն արտահայտելու միջոց: Մասնավորապես շատ պարզ ու անշուք թվացող սնունդը նորովի տեսնելու եւ դրա ստեղծագործ լուծումները մարդկանց փոխանցելու հարցում երեխաներին կօգնի երիտասարդ մանկավարժ եւ լուսանկարիչ Լիլիթ Պետրոսյանը:
Գործնական հանդիպումները նախատեսված են ինչպես ՏաՏայում, այնպես էլ արտագնա տարածքներում եւ մաքուր օդում: Մեկամսյա դասընթացը մեկնարկելու է հունիսի 6-ից` շաբաթական 3-ական հանդիպումներով, երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ` 16:00-ին: Մասնակցությունը վճարովի է. մեկ երեխայի համար ամբողջ ծրագրի արժեքը 15.000դրամ է, իսկ ՏաՏայի Ամառային դպրոցի մասնակիցների համար՝ 7.000դրամ: Հնարավոր է նաեւ մասնակցություն առանձին դասերի, որի դեպքում արժեքը 2000դրամ է:
Ի դեպ, մասնակցության համար անձնական ֆոտոխցիկը պարտադիր չէ, մենք ապահովում ենք հիմնական սարքով :)